ԼԱՎԱՇ ՀԱՑԻ ՄԻ ԿՏՈՐ

Լավաշ հացի մի կտոր
Ծիտիկներին գցեցի,
Բակի ծտերը բոլոր
Հավաքվել էին հացի:

Սավանի պես ձգեցին`
Կտուցներին հացն առած,
Երկուսն հացից պոկվեցին,
Չորս ծիտ թռավ ընդառաջ:

Կտցեցին ու կծեցին,
Հացը քիչ -քիչ փոքրացավ,
Բերանները սրբեցին,
Ճաշկերույթը վերջացավ…

ԼԱՎԱՇԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի ազգային հարստություններից է լավաշը՝ հայկական հացը

Ցորենի տեսակներից հաց թխելու և  հատկապես լավաշ թխելու մշակույթը ծնվել է Հայոց լեռնաշխարհում, որի մասին վկայում են Արտաշատ քաղաքում  պեղումների միջոցով հայտնաբերված գետնափոր կավե  թոնիրները և գեղեցիկ ավանդապատումները:

«Լավաշ» բառի հիմքում ընկած է պատրաստման եղանակը. խմորի գունդը գրտնակում, լավ բացում են, ապա ձեռքի հմուտ շարժումներով մի ձեռքից նետում մյուսին՝ լավ քաշելով-բացելով խմորը: Այստեղից էլ լավքաշ-լավաշ անունը (լավ քաշած): Նման ծագում ունի նաև մատնաքաշը, որը նշանակում է մատներով խմորի երեսին ակոսաձև նախշեր քաշած:

Լավաշի թխման արարողությանը, հայկական խոհանոցի ամենահետաքրքիր ու ամենաբարդ արարողություններից մեկն է: Ըստ հայկական հին ավանդույթի խմորը հունցում է տան ավագ կինը՝ մեծ մայրը, ում օգնում են տան ավագ հարսն ու հարևան կանայք: Լավաշի պատրաստման գործում, օգնում են նաև տան երիտասարդ աղջիկները: Նպատակը՝ փոխանցել երիտասարդ սերնդին լավաշ պատրաստելու մշակույթն ու գաղտնիքները:

Թխման արարողությունը սկսվում է վաղ առավոտից՝ արևածագից: Խմորի կլոր գնդերը գրտնակելուց հետո, խմորը բացում են նաև ձեռքերի վրա: Սա շատ դժվար գործողություն է և միայն հմուտները կարող են այնպես անել, որ խմորը չպատռվի:  Բացելուց հետո, խմորը գցում են ձվաձև փափուկ բարձի վրա, որը կոչվում է «ռաֆաթա» կամ «բադադ» և խփում թոնրի տաք պատին:

Լավաշը աշխարհի ամենաերկարաժամկետ պահվող հացն է (պահպանման ժամկետը 1 տարի): Հիմնականում թխում են մեծ քանակությամբ, ապա չորացնում, որպեսզի հնարավոր լինի երկար պահել, իսկ երբ թրջում են ջրով, այն կրկին թարմանում է: Լավաշը հիմնականում մեծ քանակությամբ են պատրաստել, քանի որ ժամանակատար և դժվար աշխատանք է: Ամբողջ մեկ օր կանայք զբաղված էին լինում լավաշ թխելով, հենց այս պատճառով էլ, թխում էին միանգամից մի քանի տան հաց:
Հայկական խոհանոցում կան ազգային ուտեստներ, որոնք ուտում են միայն լավաշով: 

լավաշ

ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑՆԵՐ ԿԱՊՎԱԾ ԼԱՎԱՇԻ ՀԵՏ

Ավանդազրույցներից մեկն ասում է. «Հացահատիկի Հայոց Աստվածուհի Աշորայի ծամերը ցորենի ոսկե ցողունի հյուսքեր էին: Արորը եղել է աստվածուհու ոտքը, գրտնակը սկզբում եղել է հացահատիկի աստվածուհի Աշորայի ձեռնափայտը: Բայց դա սովորական գավազան չէր:  Հենց որ Հայոց աշխարհում մեկը հացի մնացորդը կամ նույնիսկ փշուրը դեն էր նետում` աղբին խառնելով, աստվածուհու ձեռքից ձեռնափայտը դուրս էր թռչում` հասնում և հարվածում հացն անարգողի ճակատին ու ետ գալիս աստվածուհու մոտ:  Գրտնակն այդպես կլորիկ ու թմբլիկ է դարձել սրա-նրա ճակատին  թմփացնելով:  Հետո այնպես եղավ, որ մարդիկ սովորեցին հացի ոչ մի փշուր դեն չնետել եւ Աստվածուհին իր ձեռնաձայտը նվիրեց մարդկանց»:

Ըստ հայոց դիացաբանության՝  աստվածների հայր Արամազդը Աստղիկի և  Վահագնի հարսանիքին մի լավաշ է դնում հարսի ուսին : Փեսայի տուն գնալու ճանապարհին  լավաշը ընկնում է Աստղիկի ուսից: Արամազդը  բարկանում է Աստղիկի վրա՝  «Հացը գետնին ձգողը  չի կարող կին ու մայր դառնալ»  անիծելով: Աստղիկը և Վահագնը չեն ամուսնանում: Այդ օրվանից  հայոց ազգային սովորություններից է  նորահարսի ուսին լավաշ գցելը, որ նշանակում է, թե աղջիկը հացառատ կդարձնի այն օջախն, ուր հարս է գնում: Ինչպես նաև՝ հարսանեկան լավաշը պաշտպանում է «չար աչքից» ու ապահովում նորապսակների հաջողությունը: Նորածիններին «չար աչքից» պահպանելու համար հաց են դնում կրծքին:

ԼԱՎԱՇԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Լավաշի խորհուրդը գալիս է դարերից. Այն է՝ երջանկությունը աշխատանքի մեջ է, որի մասին պատմում է հատկապես «Նաղաշ» մուլտֆիլմը. Այն  Նաղաշ անունով մի տղայի մասին է, ով ապրում էր լավաշ թխող իր մայրիկի հետ։ Լավաշով է սնվում ու մեծանում նաև Նաղաշը։ Բայց Հայոց աշխարհում տղաները շուտ են մեծանում, մոռանում մանկական խաղերի մասին ու դառնում օգնական ծնողների համար։ Նաղաշն էլ որոշում է գտնել իր սրտի գործը ու մոր թխած լավաշներից մեկը վերցնելով՝ ճանապարհ է ընկնում։ Փորձությունների ու անհաջողությունների միջով անցնելով՝ Նաղաշը հասկանում է, որ երջանկություն կարելի է գտնել միայն հարազատ հողում։ Վերադառնում է տուն, մի լավաշաչափ հող է մաքրում քարերից, վարում է, ցանում, ջրում սեփական քրտինքով, և հողը նրան վարձահատույց է լինում ու առատ բերք պարգևում։

lavash
lavash

Նկարների աղբյուրները․ https://www.gettyimages.es/detail/fotograf%C3%ADa-de-noticias/baking-armenian-lavash-in-an-armenian-tonir-in-fotograf%C3%ADa-de-noticias/941671016; https://www.businessinsider.my/bread-around-the-world-2019-3