Փախլավա

Դարեր շարունակ զարդարել է հայի հյուրասեր սեղանը
փախլավա

Պատմաբան Նուրի Ջանլիի խոսքերով՝ Փախլավա քաղցրավենիքի մասին առաջին հիշատակումը վերաբերում է 15-րդ դարին։

«Փախլավայի համար բարակ խմոր պատրաստելու ավանդույթը եկել է ասորիներից։ Առաջին փախլավան պատրաստվել է 1453 թվականի օգոստոսին արքայական պալատում։  Սուլթան Մեհմեդ Երկրորդի ժամանակների խոհարարական գրքի համաձայն՝ ասում են, որ սուլթանին այնքան է դուր եկել խոհարարի հայտնագործությունը, որ նա հրամայել է հավերժացնել նրա բաղադրատոմսը։ Այդ օրվանից փախլավա պատրաստում են ամեն տոնի ժամանակ»։

Փախլավան բազմաշերտ աղանդեր է, որ պատրաստվում է թղթի բարակություն ունեցող խմորաշերտերից, որոնք պատում են յուղով և մանր կտրտած ընկույզը լցնում են խմորի շերտերի միջև: Փախլավայի բաղադրատոմսն ունի ամեն շրջանի բնորոշ իր բազում տարատեսակները։
Հայկական ավանդական խոհանոցային պատմության մեջ Փախլավա թխվածքի հին հայկական, մինչ գրաբարյան անվանումը «ծաղ» է եղել և այսպես է հիշատակվում հին մատյանների մեջ: Ծաղ բառարմատից է առաջացել գրաբարյան ծաղե՝ անուշեղեն, ծաղարար՝ անուշեղեն պատրաստող բառակապակցությունները:

Ծաղ –ծալ արմատները ունեցել են նույն իմաստը և ղ-ից-լ /ծաղ-ծալ/ տառերի տառադարձության արդյունքում ստեղծվել է բարբառային «ծալծուլ» բառը, որը նշանակում է ծալ – ծալ, ծալ ի ծալ,ապա՝ թերթ ի թերթ, որտեղից էլ ըստ պատրաստման ձևի այսինքնˋ թերթիկ – թերթիկ կամ թերթերուկ՝ թերթ առ թերթ, ծնվել է՝ հայկական հայտնի <<Թերթանուշ>> քաղցրեղենի անվանումը։ Հետագայում տարբեր մշակութային խոհանոցների ազդեցության արդյունքում, հայոց խոհանոցում օգտագործելի է դարձել նաև փակլավա, փախլավա անվանումները:

Հայաստանում փախլավայի հայրենի քաղաքը համարվում է Գավառը, որի խոհանոցային մշակույթի պատմության այբուբենը սկսվում է Հին Բայազետից: Փախլավան համարվում էր Բայազետի խմորեղենների թագուհին և այսօր պատմական Բայազետից տարագրված թագուհին վերածնվել է Գավառում՝ կրկին մնալով խմորեղենների Թագուհի:

Գավառի տարածաշրջանում պահպանվել են Հին Բայազետի փախլավայի պատրաստման բոլոր ավանդույթները:

Գավառում առանց փախլավայի սեղան չեն դնում, առավել ևս՝ էլ ինչ հարսանիք, տոն, ծնունդ ու կնունք առանց Փախլավայի:

Փախլավան դարեր շարունակ զարդարել է հայի հյուրասեր սեղանը և պարտադիր է եղել հայկական խոհանոցում

Տնական խմորեղեն՝ պատրաստված կարագով